Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Բառի դինամիկան և միջավայրը

Բառի դինամիկան և միջավայրը
29.04.2016 | 09:42

Բանաստեղծությունն անվերջ փնտրում է ինքն իրեն, և տիեզերական տիրույթում հայտնվում է բառը, ամեն անգամ՝ նորահայտ, անակնկալ ու բացարձակապես աննախադեպ բաղադրությամբ: Զարմանալի՛: Խոսքի հղացման ակունքներն անկանխակալ են լինում: Հաճախ՝ անբացատրելի: Որևէ միջնորդություն նա չի հանդուրժում, առավել ևս՝ «տատմերական»: Եվ բացատրելի չէ անգամ անբացատրելիությունը երևույթի: Բացառությունը բանաստեղծի մասնակցությունն է, որը ոչ թե իրենով, այլ Աստծով է պայմանավորված, թե ինչ չափով՝ դա նույնպես ուղիղ գծով կապված է պոետի օժտվածության հետ: Անվիճելիորե՛ն:

Ինձ համար աշխարհը սկսվում և «ավարտվում» է բառի ծննդով: Եվ իմ մտածումները կրկնակի համոզչության տարան ինձ, երբ կարդացի Դավիթ Հովհաննեսի անտիպների ժողովածուն, որը հենց այդպես էլ խորագրված է՝ «Անտիպ», և որում զետեղված է մինչ այժմ հրատարակված գրքերից դուրս թողնված (հիմնականում՝ գրաքննչական պատճառաբանություններով) բանաստեղծությունների մի պատկառելի քանակություն: Հեղինակին խիստ բնորոշ անակնկալ, հետաքրքիր ևս մի քայլ: Ամենևին ո՛չ ի միջի այլոց նշեմ նաև, որ ավելի քան 250-էջանոց այդ ժողովածուն 2015-ի դեկտեմբերին արժանացավ ՀԳՄ Ա. Իսահակյանի անվան մրցանակի՝ գրական մեր ամենաբարձր պարգևին:
Ժողովածուն, ամենայն իրավամբ, կարելի է «անձնագրավորել» թեկուզ «Հայաստան, կիսված հողերիդ վրա» քերթվածքով: Մեկ հայացքով, բնականաբար, հնարավոր չէ ամբողջապես ընդգրկել գրողի ինքնատիպ ոճի, մտածողության բազմաշերտ խորքերը, որոնք շատ ավելի հեռուն են տանում, քան կարելի է պատկերացնել.


Հայաստան, կիսված հողերիդ վրա
անձրև է մաղում այս էլ քանի օր,
-և քո լեռները, տխուր ու մոլոր,
մշուշների մեջ իրենց փաթաթված՝
աղերսում են ուժ, ավյուն ու կորով:
(1988)

Հազվադեպ է լինում, մանավանդ մեր ժամանակներում, երբ բանաստեղծության յուրաքանչյուր բառ կոդավորված է լինում այնպես, ինչպես այս արարումի մեջ՝ թե՛ պատմությամբ ու անցյալով, թե՛ խիզախումի և մաքառման փիլիսոփայությամբ ու մշտապես ներկա ցավով, թե՛ վաղվա երանական տեսիլքով: ՈՒ թախիծով, թախիծով, իմաստուն թախիծով առլեցուն: Կասեի՝ մարգարեակա՛ն: Ահա թե ինչպես է լինում, երբ բառը տողի մեջ թոթափում է իր ԲԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ դառնալով ճակատագիր, սահմանագծի խրամատ, մարդու և երկրի նկարագիր: Դավիթն իր գրքերից մեկում, հիմա չեմ հիշում՝ որում, այսպիսի մի տող ունի. «Պոեզիան խաղ չէ, այլ պայքար»: Եվ սա գեղարվեստ չէ միայն, իմաստասիրություն կամ պոետական դավանանքի արտահայտություն, այստեղ Դավիթ Հովհաննեսի բնութագիրն է: Ժամանակի շեշտերն իր բառից դուրս չեն: Եթե բառիդ մեջ բոլոր բաղադրատարրերը քո ժողովրդից, հող ու ջրից, քո ցավ ու սրտից են գալիս, եթե այն հատկանիշները, որ քո մեջ կան, և կրում է դրանք իր մեջ քո բառը, նշանակում է՝ դու դու ես, քո երկրի զավակը: Դավիթ Հովհաննեսը ոչ միայն իր երկրի ու ժողովրդի «լուսավոր ու վեհ» (չարենցյան գնահատում) գծերի մարմնավորողն է, այլև ոգեղեն զավակն է իր ժամանակի, նրա բջիջների մեջ (ես սա ասում եմ՝ նայելով նրա բառից ներս) խոսում են հայոց «հանճարեղ ճորտերի» կենսաբանական գեները՝ գողթան երգերից մինչև Չարենց, Չարենցից մինչև ինքը՝ Դավիթ Հովհաննեսը. «…և քամին ծալեր ցողունս նորից, և խոնարհվեի անունիդ պայծառ»: Բառերի մեջ, ցավից բացի, կա նաև ոգեկոչումի ու զորահավաքի մի հզոր հորդոր: Ջոյսի ու Թումանյանի ճշմարիտ դիտարկմամբ՝ աշխարհ-բառն իր սահմաններն ընդլայնում է այնքան, որ տարածվում է հայոց «խլված ու չխլված» լեռների վրա, սրտի հետ տրոփում, ապա նույն այդ բառը Դավթի ձեռքին դառնում է զենք, քանզի «սուր է հարկավոր կտրիճի ձեռքին»: Եվ այսպես, բառը վերածվում է ոչ միայն տիեզերական նշանի, այլև իր մեջ ներկայացնում է բանաստեղծի առաջադրած նոր աշխարհի մոդելը:


Եզակի դեմք է Դավիթ Հովհաննեսը ժամանակակից քնարերգության մեջ: Ես նկատի չունեմ միայն նրա երգի ու հղացումի ազնվաբուխ ակունքները, նրա պոետական խոսքի անմիջականությունն ու թափը, ներքին ապրումի քնքշությունն ու հախուռն զգացումների ամբողջականությունը, գեղարվեստական բացառիկ պատկերավորությունը՝ խարսխված տրամաբանական մտքի ու հուզականության վրա, նրա տողերի ներքնատար ընթացքներն ու շարժումների արարչական մուտացիաները, նրա հայացքի արծվային սրատեսությունն ու մտածողության մետաֆորային ինքնախոս հայտնությունները: Այսպես կարելի է էլի ու էլի թվարկել այն բարձրագույն արժանիքները, որոնցով հարուստ է Դավիթ Հովհաննեսի պոեզիան: Բայց ես այլ բան եմ ուզում շեշտել: Այն, որ մեր իրականության մեջ Դավիթ Հովհաննեսի պոեզիան առանձնարկվում, դիֆերենցվում է մեկ այլ հատկանիշով ևս, դա այն պոլեմիկական լիցքն է, որի կարիքը մեր բանարվեստը շատ է զգում: Այստեղ Դավիթ Հովհաննեսն իսկապես անմրցակից է: Նրա բառն ունի կենսագրություն, ունի աշխարհագրություն, որում հայոց երկիրն անմասնատելի է, ունի անատոմիական անտրոհելի կառուցվածք, պատմություն ու աստղագիտություն, մանավանդ՝ խիզախման փիլիսոփայություն, որը ժառանգել է Չարենցից ու մեր մյուս մեծերից՝ ուրույն կիրառումներով: Տագնապը սրտի ու բառի ամեն մի տրոփի մեջ նկատելի է.


Վահան՝ սուր խելքի և իմաստության,
որ մեր պայքարը մենք տանուլ չտանք,
քանզի ոթելու էլ արյուն չունենք,–
և, ինչպես խոսքն է ասում պապական –
խե՜լքը դարձընենք մեր պայքարում զենք:
(1988)

Լեզուն Դավիթ Հովհաննեսի ստեղծագործության մեջ ներկայանում է միանգամայն նորովի, այնքան, որ յուրաքանչյուր բառ, իմաստային իր նշանակությամբ, բացատրական նոր մեկնությունների կարիք է առաջադրում, բովանդակային այնպիսի պարզաբանումներ, որոնք չես գտնի բառարանային ոչ մի գրքի մեջ: Բանաստեղծական, ավելի ճիշտ կլինի ասել՝ ստեղծագործական, բազմապիսի ձևերը, որ կիրառում է Դավիթն իր քերթվածքներում, ամենևին էլ միակողմանի քայլեր չեն, ոչ էլ հավուր պատշաճի տուրք: Ժամանակը, որի մեջ նա ստեղծաբանում է, չի թողնում իր «նվիրած» ձևերը մնան հեղինակից դուրս կամ հեռացած, այսինքն, ստեղծագործությունն իր հերթին «արարչագործում» է պոետին՝ տիեզերական վերընձյուղման մեջ: Կարևորն այստեղ ներքին խոսքի ու «բառի միջավայրի» ձևավորումն է, անշուշտ՝ հասցեական իր հղումների մեջ, այլապես լեզուն կկորցնի իր դեմքը: Բորխեսն այսպիսի դիտարկում ունի. «Լեզուն խորհրդանիշների կամայական հավաքածու չէ, այլ ավանդույթ և զգացմունքների պատկեր»: Եվ, կարդալով Դավիթ Հովհաննեսին, չեմ կարող չհամաձայնել մեծ մտածողի հետ, որ պոեզիան, իսկապես, «մոգության կրտսեր քույրն է, և սկզբում բառը մոգական խորհրդանիշ էր»:


Եթե «գեղարվեստական ավանդների կիրառման» երևույթին մոտենանք ոչ սովորական, ոչ ամենօրյա գործածական ու մաշված ըմբռնումով, ապա մեզանում, ըստ էության, բավականին սակավ են այն գրիչները, ովքեր կարողացան պոետական հարուստ ժառանգության հողի վրա բարձրացնել իրենց անկրկնելի կոթողը: Անշուշտ, նրանց մեջ է (ամենաառաջիններից մեկը) Դավիթ Հովհաննեսը, ով թե՛ թեմատիկ-բովանդակային, թե՛ ձևի ու տաղաչափության առումով ստեղծեց նորարարական պոեզիա՝ ինքնատիպ ու խորքային: Նա բոլորից շահեկանորեն տարբերվում է իր բանարվեստով, իր գտնումներով, չափի զգացումի նուրբ ընկալումներով, գիտե, թե երբ է հանգը շեշտ դառնում, դառնում իմաստ ու բովանդակություն, երբ է հանգից հրաժարվելը դառնում շնորհ: Հիրավի, բանաստեղծի ինտուիցիան անսխալ է որոշում նրա բառի ներքնաշխարհն ու հոգեկերտվածքը: Վաղուց ամրագրել են մեծերը, որ, օրինակ, ՈՒիթմենն ամենայն իրավացիությամբ է հրաժարվել հանգից, իսկ Հյուգոյի համար նման հրաժարումը կլիներ խելագարություն: Բոլոր իրադրություններում Դավիթ Հովհաննեսի անսխալ «հուշարարը» նրա տաղանդն է:


Սովորական բառերն իրենց զարգացման դինամիկայի մեջ նոր լարում են ստանում Դավիթ Հովհաննեսի մտակառույցներում, ու չնայած հեղինակը մի տեղ գրում է, թե՝ «չեմ գտնում ես բառեր հարմար», բայց բառերը (նրա խիստ խորքային մտածողության շնորհիվ) գալիս, գտնում են հեղինակին, որովհետև ֆոնն է բառ ուզում, ոչ թե հակառակը: Պոետը ճիշտ զարկերակին է դնում մատը: Եվ լինում է անգամ այնպես, որ, ինչպես Դավիթ Հովհաննեսն է նշում իր քերթվածքում, ձիերն են հուշում աշխարհի անսանձ գեղեցկության մասին, շեշտելով, որ՝ «թեկուզ ուշ, բայց կա մարդու համար ապաշխարանք»: Պատումի ոճն անբռնազբոս է, խոսքը՝ ազնվասիրտ, նույնքան համոզիչ.

Տասնհինգ տարի առաջ էր, ու ես
շատ բաներ գուցե լավ չեմ հիշում,
սակայն աչքերիս առաջ են, կարծես,
երկու ձիերը - կաթնամշուշում…
Եվ ապա.

Դա սովորական պատկեր չէր, օ ո՛չ,
որ հանդիպել էր ինձ ճանապարհին.
-դա նշան էր այն աշխարհից, որ
կա՛ գեղեցկություն դեռ այս աշխարհում:
(1982)

Այսինքն, տառապանքը, որ բանաստեղծին տանում է դեպի հայտնություն, զտարյուն է բացարձակապես ու երկնատուր: Հենց այդ ազնվության, պատկերավորության ու մաքրության համար է կռվում (ասել է թե՝ գրում) բանաստեղծը, հենց այս եզրույթում է, որ պատկերի ներքին «կառուցակարգը» բարձրանում է խիզախումի փիլիսոփայական տարածքի վրա՝ մշտապես բարձր պարզելով պայքարի իր դրոշը, հաստատելով իր հավատամքը.

Բայց դա սկիզբն էր լոկ…
-Եվ տարիներ եկան,
երբ ՈՉԻՆՉԸ աչքիս առաջ դարձավ ոմն ԻՆՉ,
երբ փուչ «չկային» պարտվեց լեցուն իմ «կան»,
քանզի անհանդուրժող էի, ու եռանդս՝ աննինջ,
- այնժամ ձայնը, որ դեռ խոսում էր իմ մեջ,
դարձավ աղաղակ ու հնչեց անպատում
հոգումս կուտակված տառապանքը մեծ՝
ինչպես Հիսուսի ձայնը՝ անապատում…
(2007)

Ժամանակը հոգնել է դինջ ու անականջ երգերից: Դավիթ Հովհաննեսի ստեղծագործությունը խոր մտածումների ու խոհերի է մղում ընթերցողին, նա այն գեղագետն է, պոետը, ով մշտապես ներկայանում է և՛ «նշանի ահագնությամբ», և՛ ոգու բարձր ինտելեկտով՝ անսահման դարձնելով իր բանաստեղծական արվեստից բխող ներքին լույսի աուրան:

ՀԱՅԱՍՏԱՆ, ԿԻՍՎԱԾ ՀՈՂԵՐԻԴ ՎՐԱ


Հայաստա՛ն, կիսված հողերիդ վրա
անձրև է մաղում այս էլ քանի օր,
- և քո լեռները, տխուր ու մոլոր,
մշուշների մեջ իրենց փաթաթված՝
աղերսում են ուժ, ավյուն ու կորով:

Առասպելական վիշապների պես,
մշուշների մեջ իրենց փաթաթված՝
կուչ են եկել և դողում են կամաց,
-և իրենց անցյալ փառքերը հիմա
թվում են, ավաղ, հանդես մոռացված:

Բայց՝ ի՜նչ մոռացված…
- Հիմա՛ էլ, ահա,
անգամ այս մուժոտ, անձրևոտ պահին
լսում եմ հեռու ձայներ ստահակ,-
որ, թաքչած իրենց որջում ապահով -
բանդագուշում են քեզ վախճան ու մահ:

Ա՛խ, տարածվեի լեռներիդ վրա,
հողերիդ վրա - խլված, չխլված,
ա՛խ, ինձնից ոչինչ, ոչինչ չմընար,
սիրտս սրտիդ հետ տրոփեր ու լար,-
քանզի չեմ գտնում ես բառեր հարմար:

Իսկ հետո նորից - ծաղկեի հողից
որպես մի ծաղիկ - արյունոտ ու վառ,
և մեր արյունոտ օրերին հարմար,
-և քամին ծալեր ցողունս նորից,
և խոնարհվեի անունիդ պայծառ…

Երկի՛ր Նաիրի, Հայաստան աշխա՛րհ,
այդ ինչպե՞ս եղավ, ինչպե՞ս պատահեց,
որ, ցավերի մեջ նստած մերձիմահ –
լսում էիր լոկ ցնծագին տաղեր,–
որ երգում էին երգիչներ վարձված:

Երկի՛ր Նաիրի, Մեծ Հա՛յք, Արմե՛նիա…
- Հիմա, երբ չկան էլ Հայկ ու Վարդան,
երբ լռել են մեր աստվածները հին -
սո՜ւր է հարկավոր կտրիճի ձեռքին,-
բայց ո՛չ միայն սուր, այլ նաև՝ վահան:

Վահան՝ սուր խելքի և իմաստության,
որ մեր պայքարը մենք տանուլ չտանք,
քանզի ոթելու էլ արյուն չունենք,
և, ինչպես խոսքն է ասում պապական
խե՜լքը դարձընենք մեր պայքարում զենք:

Ու թեև ուժն է ծնում իրավունք,
բայց իրավունքին՝ խե՜լքն է ուժ տալիս,
և իրավունքդ աճում օրավուր,
ամիս, տարի, դար՝ դառնում է Մասիս,
ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԻՐԱՎՈ՜ՒՆՔ ՀԱՅՈ՛Ւ:

Եվ այնժամ, Հայոց Սուրբ Լերան նման,
կկանգնենք բարձր, հզոր ու կայուն,
ու էլ չե՜ն մրսի անձրևի տակ մանր
կիսված հողերն ու լեռները հայու,
եթե մեր խե՛լքը դարձնենք իրավունք:

…Հայաստա՛ն, կիսված հողերիդ վրա
անձրև է մաղում այս էլ քանի օր,
բայց պիտի դառնա անձրևն այդ մոլոր
մի օր մի ամպրոպ, պատռի՛ մեր խաթար
երկինքը խավար,
ու ցոլա Հայոց Աշխարհում - արև՛:


Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
ԼՂՀ գրողների միության նախագահ

Դիտվել է՝ 1728

Մեկնաբանություններ